Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ազգային-ազատագրական շարժումների հետևանքով անցյալ դարի կեսերին ստեղծվեցին տասնյակ նոր պետություններ: Աշխարհի քաղաքական քարտեզը նշանակալիորեն փոխվեց: Նորանկախ որոշ երկրներ, գլխավորաբար` Աֆրիկայում, վռնդեցին նախկին գաղութարարներին և դռները լայնորեն բացեցին «սովետների» առաջ, որոնք հաճախ օգնել էին նրանց անկախության պայքարում:
Ալժիրն առաջիններից էր, որը դարձել էր Խորհրդային Միության ֆորպոստը Հյուսիսային Աֆրիկայում: Որոշ քաղաքագետների կարծիքով` ֆրանսիական նախկին գաղութը կարելի էր մտցնել ԽՍՀՄ-ի կազմի մեջ` 16-րդ սոցիալիստական հանրապետության կարգավիճակով: Սերն ու վստահությունն ալժիրցիների նկատմամբ այնքան մեծ էին, որ նախագահ Ահմեդ Բեն Բելան արժանացել էր Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Խորհրդային մյուս աֆրիկյան հերոսը Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերն էր:
Թե ինչ ճակատագիր ունեցավ «սոցիալիստական» համակարգը, բոլորին է հայտնի. այսօր Ալժիրում հաստատված է հետադիմական և ծայրահեղական իսլամիստական վարչակարգ: Քաղաքացիական բախումների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան հարյուր հազար մարդ: Իսկ այն հեռավոր տարիներին, քանի որ «մենք եղբայրներ էինք հավիտյան», ուրեմն համագործակցությունն էլ պետք է լիներ համապատասխան: Եվ իրոք, այդպես էր:
Հարաբերությունները զարգանում էին բոլոր ուղղություններով` ներառելով ռազմաքաղաքականից մինչև պրոֆտեխկրթության ոլորտները: Երկկողմ կապերի ծավալները պատկերացնելու համար նշենք, որ Ալժիրում աշխատում էր խորհրդային մոտ քսան հազար մասնագետ: Խորհրդային ռազմական սուզանավերը պարբերաբար մտնում էին Անաբա նավահանգիստը. դա միակ կետն էր Միջերկրական ծովում, որտեղ հանգրվանում էին խորհրդային ատոմակիրները: Իսկ ավազանում մշտապես երթևեկում էին ամերիկյան 6-րդ նավատորմի նավերը:
Համագործակցության ամենախոշոր օբյեկտը նույն Անաբայի մերձակա «Էլ Հաջար» մետալուրգիական գործարանն էր, որը կառուցվում էր Մոսկվայի օգնությամբ և մայրցամաքում իր տեսակի մեջ լինելու էր ամենամեծը:
...Խորհրդային մետալուրգները ժամանում են Ալժիր: 6 հազար մարդ: Իսկ ի՞նչ էր առաջին հերթին փնտրում «Աերոֆլոտի» չվերթով արտասահմանում հայտնված մարդը: Ճիշտ եք: Խմիչք: Եվ այսպես` պիոներ-մետալուրգները, հայտնվելով Անաբայի գեղատեսիլ ափերին, նետվում են խանութները` առանց մտածելու կամ առանց իմանալու, որ այդ երկրում խմիչքն արգելված է: Երկար փնտրտուքներից հետո տնտեսական ապրանքների խանութում հայտնաբերում են կեսլիտրանոց մուգ կանաչ, ուռուցիկ շշեր` հետևյալ պիտակով`«Alcool brûlé. Non buvable», (ֆրանս.) («Տեխնիկական սպիրտ: Չխմել»):
Սակայն «alcool» բառն արդեն բավարար էր, որ Ուկրաինայից ժամանած ընկերները շշերը գրկած շտապեն տուն, որտեղ նրանց հիասթափություն էր սպասում: Թարգմանիչներից մեկը, տեսնելով շշերը, բացատրում է, թե ինչ են գնել: Վախենում են, բայց չեն հուսահատվում: Որոշում են խմիչքը փորձարկել Ահմեդ անունով շան վրա, որը շատ էր կապված «սովետիկ» մասնագետների հետ. նրանց հետ ավտոբուսով ամեն օր գնում էր գործարանի ճաշարան, որտեղ նրան կերակրում էին, նրանց հետ էլ վերադառնում էր: (Խորհրդային մարդու գթասրտություն):
Բռնելով Ահմեդին` շշերից մեկի պարունակությունը լցնում են կոկորդը: Շունն օրորվում է և ընկնում: Ոչ, չի սատկում: Քնում է: «Փորձարկողները» համբերությամբ սպասում են, և երբ Ահմեդն արթնանում է, իրենք էլ են խմում: Սպիրտի հայտնաբերման և հաջող «փորձարկման» լուրը կայծակնային արագությամբ տարածվում է «խորհրդային» համայնքով մեկ, և սկսվում է իսկական արշավ Անաբայի խանութներ: Խորհրդային մարդու հնարամտությունը սահման չի ճանաչում, մանավանդ արտասահմանում: Պղտոր, զզվելի հոտով հեղուկը վերամշակում են` ակտիվորեն ներգրավելով այստեղ աշխատող մեր բժիշկներին: Վերջիններս սպիրտին խառնում են «Պատելեն», «Էսենցիալե Ֆորտե» և այլ դեղանյութեր, որոնք նրանց առատորեն տալիս էին տեղական իշխանությունները` լեղապարկի հիվանդություններով տառապող ալժիրցիներին բուժելու համար: Ստանում են հոտով և համով քիչ թե շատ տանելի նոր հեղուկ, որը պայմանականորեն անվանում են «Մացապուրա»:
Հետո պահանջարկը գերազանցում է առաջարկը: Սպիրտն անհետանում է խանութներից, սակայն այն շարունակում են ճարել, իսկ թե որտեղից` հայտնի էր միայն հայթայթողներին: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այն մի օր չվերածվեր տխուր դիվանագիտական միջադեպի…
Արտաքին գործերի նախարար Աբդելազիզ Բուտեֆլիկան (հետո դարձավ Ալժիրի նախագահ), որը հայտնի էր իր ֆրանսիամետ հայացքներով, կարճ ասած, չէր սիրում «սովետներին», հրավիրում է դեսպան Վասիլի Ռիկովին և հայտարարում.
«Պարոն դեսպան, ձեր քաղաքացիները ոտնահարում են հյուրընկալության կանոններն ընդհանրապես և մեր մահմեդական պետության ավանդույթները` մասնավորապես: Ալժիրում աշխատող ձեր մասնագետները գրեթե սպառել են երկրի տեխնիկական սպիրտի պաշարները, որպիսիք նրանք զանգվածաբար գնում են խմելու նպատակով, մինչդեռ երկրում ալկոհոլային խմիչքերի օգտագործումն արգելված է օրենքով և դրա խախտումը համարվում է քրեական հանցագործություն: Բացի այդ, ձեր մասնագետները մեզ մոտ որսում են վարազներ՝ որտեղ պատահի, իսկ առափնյա ջրերում, օգտագործելով պայթուցիկ նյութեր, ձուկ են բռնում: Այս ամենը կարող է լրջորեն վնասել երկրի կենդանական աշխարհը»:
Այնուհետև Բուտեֆլիկան ակնարկում է դեսպանին, որ «նման կացությունը կարող է բացասաբար ազդել երկկողմ բարեկամական հարաբերությունների վրա» և խնդրում է «շտապ միջոցներ ձեռք առնել դրությունը շտկելու համար»:
Բացառիկ երևակայություն պետք է ունենալ պատկերացնելու համար դեսպանի վերաբերմունքը, որը, ի դեպ, Ալժիրը ԽՍՀՄ-ի կազմում տեսնել ցանկացողներից էր և հանդիսանում էր ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի անդամության թեկնածու (Ալժիրում Մոսկվան այս մակարդակի կուսակցական աշխատողների էր դեսպան նշանակում):
Նա հրաման է արձակում՝ չարիքի դեմն առնել: Ոտքի են հանվում դեսպանության, Անաբայում և Օրանում գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական օպերատիվ անձնակազմերը, արտաքին և ռազմական հետախուզության ռեզիդենտուրաները, ոչ լեգալ լրտեսական ծառայությունը: «Մացապուրայի» աղբյուրը և այն խմողներին հայտնաբերելը հայտարարվում է առաջնահերթ խնդիր, մանավանդ որ այդ չարաբաստիկ խմելիքն սկսել էր անել իր սև գործը. համայնքում եղել էին հանկարծամահության դեպքեր: Պարզվում է, որ «Մացապուրան», բառիս իսկական իմաստով, քայքայում է մարդու աղեստամոքսային համակարգը: Սակայն մեր մարդիկ ցուցաբերում են իրենց «լավագույն» հատկանիշները` լինել համերաշխ և «չծախել» յուրայիններին: Մարդիկ, որոնք հաճույքով էին այցելում դեսպանություն կամ հյուպատոսություն, վատաբանում էին իրար, անգամ` զրպարտում, այժմ լռում են պարտիզանների պես: Ամեն ինչ կարելի է զոհել, բայց խմիչքը` երբեք: Սա էր նշանաբանը:
Սակայն ՊԱԿ-ի դեմ «խաղ չկա»: Նրա ամենատես աչքը շուտով հայտնաբերում է սպառման կետը: Անաբա քաղաքից ոչ հեռու` բաց դաշտում, մի արաբ կրպակ էր բացել և ծախում էր ծամոն, լուցկի, «տիպ» և նման մանր-մունր բաներ: Իսկ «Մացապուրան», որի սիրահարների մեծ մասին ճանաչում էր, վաճառում էր «տակից»: Նա սովորական այցելուի տեղ է դնում երկու երիտասարդի և «տակից» նրանց է մեկնում «Труд» օրաթերթի մեջ փաթաթված «Մացապուրան»:
– Այդ թերթը մեր առևտրական նավերն Ալժիրում առատորեն բաժանում են ռուսերեն չիմացող արաբներին,– պատմում է գործողությունը հաջողությամբ իրականացրած երիտասարդներից մեկը:
– Իսկ վաճառողի կրծքին « Ударник коммунистического труда» («Կոմունիստական աշխատանքի հարվածային») կրծքանշանն էր,–ծիծաղելով ավելացնում է նրա ընկերը:
Ըստ երևույթին` խորհրդային մասնագետներից մեկն այն փոխանակել էր «Մացապուրայի» հետ` հիշելով Միկլուխո-Մակլայի բարտերային դիվանագիտությունը պապուասների հետ Նոր Գվինեայում և Օկինավայի կղզիներում:
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/